Գարնանային Արատեսը

Մայիսի 20-22-ին կրկին մեկնել էինք Արատես։ Սկսենք պատմությունը։

Օր 1

Առավոտյան ժամը 9։00 հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Մասնակցեցինք առավոտյան պատարագին և ճանապարհ ընկանք։ Ճանապահը լի էր ծիծաղով, զրույցներով և երաժշտությամբ։ Առաջին կանգառը Արփա գետի ափին էր։ Այնտեղ ընդմիջում արեցինք և կատարեցինք տարածքի մաքրման աշխատանքներ։

Հաջորդ կանգառին` Եղեգիսում, բարձրացանք Զորաց Քարեր։ Այնտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո շարժվեցինք և հասանք Արատեսի դպրական կենտրոն։

Այս անգամ իջևանեցինք նոր տնակներում։ Տնակներում տեղավորվեցինք, բարձրացանք խոհանոց, ճաշեցինք և մնացած ժամանակը անցկացրինք խաղերով և զվարճանքով։

Օր 2

Երկրորդ օրը սկսեցինք տնակի մաքրությամբ և առավոտյան նախավարժանքով։ Հետո նախաճաշեցինք։ Կարճ հանգստից հետո մենք բարձրացանք իններորդցիների հետ ռազմամարզական ճամբարին մասնակցելու։ Ճամբարի առաջին մասին մասնակցելուց հետո մենք՝ մի քանի հոգով իջանք տնակ և կավով աշխատանք կատարեցինք։ Կավից ծեփեցինք տարբեր ափսեներ, որոնք հետագայում թրծվելուց հետո պետք է օգտագործվեն Արատեսում։

Երբ մնացածը վերադարձան ռազմամարզական ճամբարից մենք ճաշեցինք և վերադարձանք տեխնոլոգիական գործոնեությանը։ Դրանից հետո ունեցանք արշավ դեպի Խաչոց Ձոր։

Օրը կրկին վերջացրինք խաղերով և զվարճանքով։

Օր 3

Երրորդ օրը առավոտյան նախավարժանքից և նախաճաշից հետո զբաղվեցինք մաքրությամբ։ Մաքրեցինք մեր տնակը և տնակի շուրջը՝ աղբը տեսակավորելով թղթի և պլաստիկ թափոնների։ Ժամը 11:00 մենք շարժվեցինք դեպի Երևան։

Թողնել մեկնաբանություն